AM
11 Հուլիս 2022 - 07:23 AMT

Պետրոսյան. Առանց սարսուռի հնարավոր չէ նայել Հատիսի ավերումներին, որ արվում է իշխանության համաձայնությամբ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով Հատիսի լեռան վրա Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկին, գրել է, որ «առանց սարսուռի հնարավոր չէ նայել Հատիսի ավերումները, որ արվում են հայաստանյան իշխանությունների համաձայնությամբ ու թողտվությամբ»։

«Արցախի մշակութային ժառանգության բռնայուրացման դեմ այս ծանր պայքարի կիզակետում ձեռքերդ թուլանում են, ցանկություններդ մթագնում, երբ տեսնում ես, որ ադրբեջանական սանձարձակությունը որդեգրել են և քո հայրենակիցները»,-գրել է նա։

Պետրոսյանը, նշելով, որ սա մշակութային ժառանգության պահպանության հայաստանյան օրենսդրության կոպտագույն խախտում է, և մեջբերելով հիմնական կետերը, գրել է, որ պարզից էլ պարզ են դառնում «իշխանությունների չիմացությունը, անպատասխանատվությունը և օրեսդրության կապիտ խախտումները»։

Հնագետը հիշեցրել է նաև կառավարության այն որոշումը, որի համաձայն հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում ենդրա նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական ու արտադրական գործունեությունը: Որոշման համաձայն հուշարձաններ ընդգրկող տարածքներում շինարարական, ճանապարհաշինարարական, ջրարբիացման, երկրաբանական և այլ աշխատանքների նախագծերը լիազորված մարմնի հետ համաձայնեցվում են նոր շինարարության նախագծման ու տեխնիկատնտեսական հիմնավորման առաջադրանքի մշակման նախապատրաստման փուլում:

Նշվում է նաև, որ քանի որ Հատիս լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցի (ժողովրդական անունը՝ Շամիրամի կամ Քյոռօղլու բերդ) և օժանդակ շինությունները գրանցված չեն ՀՀ հուշարձանների պետական ցուցակում և համարվում են նորահայտ հուշարձան՝ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Հավելենք նաև, որ Հատիսը որպես բնության հուշարձան գրանցվել է դեռ 2008-ին»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան՝ նշելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը ցանկացած վայրում և, առավելապես, Հատիս լեռան վրա համարում է անընդունելի, դատապարտելի և զբոսաշրջության տեսակետից՝ անտեղի և աղետալի։

«Իր ակունքներից սկսած Հայ Առաքելական Եկեղեցին երբևէ չի պատկերել արձանների տեսքով եկեղեցու սրբերին, այդպիսով տարբերվելով շատ եկեղեցիներից, մասնավորապես՝ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցուց՝ ստեղծելով իր յուրօրինակ և անկրկնելի ավանդույթները, բնորոշ գաղափարախոսությունը և փիլիսոփայությունը։ Տվյալ արձանի տեղադրումը պարզապես հակադրվում է այդ բոլոր գաղափարներին, հակասում մինչ այժմ գոյություն ունեցող պատկերացումներին հայ եկեղեցու և հայ ժողովրդի մասին, որն իր եկեղեցու անբաժան մասն է, իր հերթին էլ եկեղեցին՝ մեր մշակույթի և պատմության անբաժան մասը։ Սրա հետ մեկտեղ, ստացվում է, որ մինչ այսօր մեր կողմից ներկայացվող վերը նշված դրույթներն այլևս չեն համապատասխանելու իրականությանը։

Արշավային զբոսաշրջության համար Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա, նշանակելու է այդ արշավային ուղղությունը կորցնել, քանի որ բոլորս քաջ գիտակցում ենք, թե արձանի տեղադրումից հետո ինչ «պաշտամունքային» նշանակություն է ձեռք բերելու այն՝ դառնալով ներքին տուրիզմի կողմից ամենաայցելվող վայրը, վերածելով տարածքը առևտրի, ավտոկայանատեղիի, հանգստյան գոտիների և այլ տհաճ երևույթների, ինչպես դա տեսել ենք բազմիցս այլ հուշարձանների տարածքում»,-ասվում է Զբոսավարների ասոցիացիայի հայտարարության մեջ։

Հուլիսի 9-ին տրվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկը, որին ներկա էր նաև նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը։ Հատիս լեռան բարձունքում նախագծի մեկնարկի արարողությանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հուլիսի 7-ի կառավարությւան նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության նախնական գնահատականը դրական է և որ արձանի տեղադրումը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովի դեպի Հայաստան։