AM
11 Հուլիս 2022 - 11:03 AMT

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը դիմել է շինթույլտվության համար․ Ենթակառուցվածքային աշխատանքներ են տարվում

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դիմել են շինարարական աշխատանքները սկսելու համար մասնագիտական եզրակացություններ ու թույլտվություններ ստանալու համար, իսկ հիմա կատարվում են ենթակառուցվածքների որոշակի աշխատանքներ։

«Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով Հատիսի լեռան վրա Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկին։ Հայտարարությամբ էր հանդես եկել նաև Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան՝ նշելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը ցանկացած վայրում և, առավելապես, Հատիս լեռան վրա համարում է անընդունելի, դատապարտելի և զբոսաշրջության տեսակետից՝ անտեղի և աղետալի։

Հուլիսի 9-ին տրվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկը, որին ներկա էր նաև նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը։ Հատիս լեռան բարձունքում նախագծի մեկնարկի արարողությանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հուլիսի 7-ի կառավարությւան նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության նախնական գնահատականը դրական է և որ արձանի տեղադրումը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովի դեպի Հայաստան։