Հատիս լեռան ստորոտում 140 հա հող է օտարվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին, տեղեկացնում է «Հետքը»։
«Մինչ Հայաստանի կառավարությունը նախորդ նիստում դրական կարձագանքեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին, Հատիս լեռան ստորոտում գտնվող հսկայական հողեր չնչին գնով օտարվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին»,-ասվում է հրապարակման մեջ։
«Հետքը» պարզել է, որ 2022-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։
Նշվում է, որ, օրինակ, Ակունք գյուղում 20 հեկտար հողակտորը վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 մլն 576 հազար դրամով։ Օտարված հողերի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ 17 հա հողակտորն օտարվել է 5 մլն 740 հազար դրամով, 20 հա մակերեսով մեկ այլ հողակտոր օտարվել է 7 մլն 900 հազար դրամով։
Հուլիսի 9-ին տրվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկը, որին ներկա էր նաև նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը։ Հատիս լեռան բարձունքում նախագծի մեկնարկի արարողությանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հուլիսի 7-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության նախնական գնահատականը դրական է և որ արձանի տեղադրումը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովի դեպի Հայաստան։
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հիմնադրամը դիմել է շինարարական աշխատանքները սկսելու համար մասնագիտական եզրակացություններ ու թույլտվություններ ստանալու համար, իսկ հիմա կատարվում են ենթակառուցվածքների որոշակի աշխատանքներ։