AM
11 Հուլիս 2022 - 14:54 AMT

Պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձևավորվեն նաև Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում և Արագածոտնում

2022-ի երկրորդ կիսամյակում նախատեսվում է Պարեկային ծառայության ստորաբաժանումների ձևավորում Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում, ապա ամբողջ հանրապետությունում: Այդ մասին զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում:

Վերոնշյալ 4 մարզում ապագա պարեկների ուսումնական գործընթացները մեկնարկելու են օգոստոսին: Ընդհանուր առմամբ, պարեկային ծառայության անցնելու համար դիմել է 1880 անձ, որոնցից 718-ն է միայն ոստիկանության ծառայող: 1332 անձ իրավունք է ստացել մասնակցելու քննական գործընթացին, որոնցից ծառայության կանցնեն 606-ը:

Ներկայացվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներով առաջիկա 6 ամսվա անելիքները, այդ թվում՝ Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման ընթացքը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Պարեկային ծառայության տեխնիկական հագեցվածությանը, ոստիկանության զորքերի վերակազմակերպման, Ազգային գվարդիայի ստեղծման աշխատանքներին: Պատասխանատուները վստահեցրել են, որ բոլոր միջոցառումներն իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի:

Քննարկվել են նաև ոստիկանության մարզային վարչությունների գործունեությանը և տարածքային ստորաբաժանումների նոր մոդելին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումներով նախատեսվող բոլոր միջոցառումների արդյունավետ իրականացումը, տվել կոնկրետ հանձնարարականներ: