Միխաիլ Էնդեի համանուն հեքիաթի մոտիվներով «Օֆելիայի ստվերների թատրոնի» բեմականացումը, որը «Ոսկե դիմակ» փառատոնում ներկայացրել էր Հայաստանի Ազգային գեղագիտական կենտրոնի «Փոքր թատրոնը», կարողացավ նվաճել ոչ միայն հայ, այլ նաեւ միջազգայի հանդիսատեսի սիրտը: Օրերս հեքիաթի այս արտասովոր բեմադրությունը, որտեղ դերերը կատարում են երեխաները, ներկայացվել է Մոսկվայում ընթացող Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» փառատոնի արտամրցութային ծրագրում:
«Ռուսաստանի եւ արտերկրի հանդիսատեսը, որ մասնակցում էր «Ոսկե դիմակին», հիացմունքով ընդունեց ներկայացումը: Հանդիսատեսին ուղղակի ցնցեց երեխաների պրոֆեսիոնալ խաղի մակարդակը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը:
Անցյալ տարվա հունիսին «Փոքր թատրոնը» շռնդալից հաջողություն ունեցավ Գերմանիայի մանկապատանեկան թատրոնների «Ֆանտաստիկ» միջազգային փառատոնում: Ռոդոլշտադտ գերմանական քաղաքը, որը համարվում է փառատոնների քաղաք, մեկ շաբաթ շարունակ ողողված էր հայկական պատվիրակության ներկայացման հատվածները պատկերող պաստառներով, քանի որ հենց «Փոքր թատրոնի» ներկայացման մի դրվագ հիքմ ծառայեց փառատոնի լոգոտիպի համար:
Ներկայացումները տեղի ունեցան ապրիլի 3-4-ին Մեյերհոլդի անվան կենտրոնում: Իսկ մայիսին «Փոքր թատրոնը» մտադիր է ներկայացնել «Օֆելիայի ստվերների թատրոնը» ներկայացումը Ավստրիայում կայանալիք Երիտասարդական թատրոնների միջազգային փառատոնում:
«Ոսկե դիմակը» ազգային թատերական մրցանակ է, որը սահմանվել է 1994թ. Ռուսաստանի Թատերական գործիչների միության կողմից եւ հանձնվում է թատերական բեմարվեստի բոլոր ժանրերի բեմադրությունների` դրամայի, օպերայի, բալետի, օպերետի եւ մյուզիքլի, տիկնիկային թատրոնի համար: Փառատոնի մասնակիցների ընտրությունը կատարում են փորձագիտական խորհուրդները, որոնց կազմում ընդգրկվում են հեղինակավոր թատերական քննադատներ: «Ոսկե դիմակի» ժյուրիում աշխատում են հայտնի դերասաններ, ռեժիսորներ, դիրիժորներ, խորեոգրաֆներ, թատերական նկարիչներ: Փառատոնի գագաթնակետը «Ոսկե դիմակ» մրցանակների շնորհման արարողությունն է, որն անցնում է Մոսկվայի լավագույն բեմահարթակներում եւ հեռարձակվում է «Ռոսիա» հեռուստաալիքի կողմից: «Ոսկե դիմակի» հեղինակությունն ու բացառիկ դերն ընդունված է պրոֆեսիոնալների, հանրության, ԶԼՄ-ների կողմից: «Ոսկե դիմակը» առանձնակի ուշադրություն է դարձնում շրջագայության քաղաքականությանը` Մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության հետ համատեղ իրականացնելով «Լավագույն ներկայացումները Ռուսաստանի քաղաքներում» ծրագիրը: