AM
13 Հուլիս 2022 - 10:53 AMT

Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը. Թղթային տարբերակը վարորդի մոտ պետք է լինի

Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը, համաձայն որի` տրանսպորտային միջոցի վկայագրված չլինելու դեպքում այն չի կարող լիցքավորվել։ Այդ մասին հայտարարել է ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը:

Նա նշել է, որ ՀՀ-ում գազով շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման վերաբերյալ տվյալները մոտ ապագայում կմուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան, հայտնում է Sputnik Արմենիան։

Սողոմոնյանը հավելել է, որ մինչ այդ վարորդներն այդ հավաստագրերը ստանալու են թղթային տարբերակով, այնուհետև այդ տվյալները մուտքագրվելու են էլեկտրոնային շտեմարան, որն արդեն պատրաստ է։

«Ցանկալի է, որ վարորդները սկզբնական շրջանում թղթային տարբերակով վկայագրերն ունենան իրենց մոտ։ Գազալցակայանները շուտով կմիացվեն այդ էլեկտրոնային շտեմարանին։ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է, թե որ գազաբալոնը որքան ժամանակը մեկ պետք է վկայագրվի, հիմնականում գործողությունն արվում է 2 տարով»,– ասել է բանախոսը։

Այն վարորդները, որոնք դեռ չեն իրականացրել իրենց տրանսպորտային միջոցի գազաբալոնի վկայագրում, պետք է մինչև օգոստոսի 1-ը ստանան այդ լիցենզիաները։

Առանց վկայագրի գազաբալոն ունեցող լցակայանն այդ մեքենան լիցքավորելու համար կտուգանվի, իսկ տրանսպորտային միջոցի սեփականատերը` ոչ։ Մեկ անգամ խախտում անելու դեպքում ընկերությունը կտուգանվի 200,000 դրամով, իսկ կրկնվելու դեպքում գումարը կավելանա։

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք կառավարությունը կարող է ազդել գազաբալոնների տեղադրման կամ վկայագրման ընկերությունների վրա, որպեսզի վերջիններս գները չբարձրացնեն: Սողոմոնյանը պատասխանել է` դա բիզնես գործունեություն է, և գնային քաղաքականությունը կարգավորվում է մրցակցության հաշվին։

Նշվել է, որ վկայագրող ընկերությունների մեծ մասն արդեն արտահերթ է աշխատում, որպեսզի հասցնի սպասարկել բոլոր տրասնպորտային միջոցների սեփականատերերին մինչև օգոստոսի 1-ը, սակայն դրանից հետո էլ գործընթացը կարող է իրականացվել։

ՀՀ–ում գործում է լիցենզավորված 23 ընկերություն, 3 մարզում ընդհանրապես չկա։ կառավարության ապրիլի 28-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ներդրվում է գազաբալոնների անվտանգ շահագործման համակարգ, որի դեպքում էլեկտրոնային շտեմարանները թույլ կտան ճանապարհային ոստիկաններին առանց մեքենան կանգնեցնելու ստուգել համապատասխան լիցենզիայի առկայությունը։ Ավտոմատ համակարգը չի թույլատրի մեքենան լիցքավորել, եթե գազաբալոնի շահագործման վկայական չկա։

‌ ‌