Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է խստացնել ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից այն ձեռք բերելու պայմանները։ «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը դրվել է հանրային քննարկման։
Նախագծով նախատեսվում է որպես պարտադիր պահանջ սահմանել վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելը կամ գտնվելը:
Ըստ գործող կարգի, ազգությամբ հայ անձինք Հայաստանում բնակություն հաստատելու պահից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունեն:
Ըստ ԱԱԾ-ի, օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համարվում Հայաստանում բնակություն հաստատած:
Նշվում է, որ վերջին տարիներին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, սակայն, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայցող անձանց մի ստվար զանգվածը (հատկապես Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները) երբևէ չի եղել ՀՀ-ում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ և կարճ ժամկետներով, իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քաղաքացիություն հայցելու նպատակով), տեղեկացված չեն հայկական մշակույթի, պատմության, ՀՀ-ում ընթացող հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացների մասին, ճանաչված չեն ծագման երկրի հայ համայնքում, որևէ մասնակցություն չունեն ծագման երկրներում հայ համայնքի և հայկական եկեղեցական կյանքին և, որպես կանոն, չեն իրականացնում հայանպաստ գործունեություն:
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների (հատկապես Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և այլն) ՀՀ-ում անշարժ գույք ձեռք չեն բերել և տնտեսական գործունեություն չեն ծավալել, ինչպես նաև մեծ մասամբ Հայաստանի Հանրապետություն չեն այցելել: Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար:
Նաև հայտնի են դարձել դեպքեր, երբ արտերկրում տրամադրվել են մկրտության և ազգությամբ հայ լինելու մասին կեղծ փաստաթղթեր:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում օրենքով ամրագրված կարգավորումը կհամապատասխանեցվի Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կիրականացվի առավել արդյունավետ, կնպաստի ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց հայրենադարձությանը, կնվազեցնի ազգությամբ հայ ներկայացող, սակայն իրականում հայկականության հետ որևէ առնչություն չունեցող օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացիություն հայցելու դիմումների քանակը:
Նախագիծը դեռևս պետք է ներկայացվի կառավարության և Ազգային ժողովի քննարկմանը։