AM
14 Հուլիս 2022 - 09:06 AMT

Ֆիրդուսի բնակիչները կառավարության մոտ ակցիայում «նորմալ փոխհատուցում» են պահանջել

Ֆիրդուսի փողոցի բնակիչները, որոնց տներն օտարվել են նոր թաղամասի կառուցման համար, բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջել են լուծել իրենց բնակարանային խնդիրը և նորմալ փոխհատուցում տրամադրել։

Այժմ կառուցապատողը դատի է տվել բնակիչներին, որոնք չեն համաձայնում պայմաններին և չեն ցանկանում լքել իրենց տները։ 2006-ին ԱԺ-ն «Հանրային և պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենք է ընդունել: Դրանից հետո կառավարությունը որոշել է Երևանի կենտրոնում գտնվող տարածքները, որոնց թվում է նաև Ֆիրդուսի փողոցը, գերակա հանրային շահ ճանաչել, գրում է Sputnik Արմենիան։

Ինչպես ասել է բնակիչներից մեկը, կառուցապատողն իրենց բնակելի տան և բակի տարածքի դիմաց այնքան գումար է փոխանցել, որը մի քանի անգամ քիչ է, քան իրենց հասանելիք փոխհատուցումը։ Նրանք մտադիր են բողոքարկել որոշումը։

«Կառավարության շենքի մոտ այնքան ժամանակ կնստենք, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի մեր խնդիրը լուծում ստանա»,- ասել է ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը։

Նրա խոսքով` իր ընտանիքը Ֆիրդուսում է ապրում 1890 թվականից։ Մի կին էլ ընդգծել է, որ իր թոռնիկներն արդեն 5-րդ սերունդն են, որ ապրում են այդ թաղամասում, և իրենք մտադիր չեն լքել հարազատ տունը։

Կինն հետաքրքրվել է՝ ինչ հիմքով պետք է լքի Կենտրոն վարչական շրջանն ու տեղափոխվի ծայրամասում ապրելու՝ նա համոզված է, որ իրեն առաջարկված գումարով միայն քաղաքի ծայրամասում հնարավոր կլինի տուն գնել։

«Թող որպես փոխհատուցում ինձ երկու տուն տա, քանի որ ես նրան տալիս եմ 2 հազար ք/մ տարածք, որի վրա նա միլիոններ է աշխատելու»,- ասել է կինը։

Ակցիայի ընթացքում ֆիրդուսցիներին զանգել են քաղաքապետարանից և հրավիրել քաղաքապետի առաջին տեղակալի հետ հանդիպման։ Վերջիններս այժմ հանդիպում են Լևոն Հովհաննիսյանի հետ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք փոփոխություններ են արվել նախագծում։ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Իսկ հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը: