AM
14 Հուլիս 2022 - 10:22 AMT

Ոստիկանություն․ Ծխելու արգելքը խախտելու համար կազմվել է 1067 արձանագրություն՝ այն գործում է նաև բացօթյա օբյեկտներում

Ոստիկանությունը հիշեցնում է` մարտի 15-ից ուժի մեջ մտած ծխելու արգելքը վերաբերում է նաև բացօթյա օբյեկտներին (ճաշարաններ, սրճարաններ, բարեր և այլն):

Նշվում է, որ մարտի 15-ից մինչ օրս ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելու համար ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1067 արձանագրություն։

«Քաղաքացների ուշադրությունը հրավիրում ենք հատկապես այս հանգամանքին, քանի որ ամառային հանգստի շրջանով պայմանավորված՝ շատերը ժամանցի համար ընտրում են բացօթյա օբյեկտները և հաճախ մոռանում, որ ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների օգտագործման արգելքը տարածվում է նաև դրանց վրա:

Հիշեցնում ենք, որ օրենքի կիրարկումը շարունակվում է, նաև վարչական պատասխանատվություն է սահմանված վերոհիշյալ դրույթի խախտման համար, իսկ սույն բնույթի իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը:

Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և համոզված ենք, որ նրանք ոչ միայն ձեռնպահ կմնան օրենքի պահանջը խախտելուց, այլև կաջակցեն ոստիկանության ծառայողներին՝ հանրային առողջության պահպանմանն ուղղված գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2022 թ. մարտի 15-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում (ճաշարաններ, սրճարաններ, բարեր և այլն):