44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիակների և մասունքների 50 ոսկրային հյուսվածքի փորձանմուշ կուղարկվի Նիդերլանդներ՝ վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։
Դեռևս կան բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր, ուստի անհրաժեշտություն է առաջացել ևս 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների Անհայտ կորածների միջազգային հանձնաժողով։
Այդ նպատակների համար կհատկացվի 75,000 դոլար՝ որոշումը կայացվել է կառավարության հուլիսի 14-ի նիստում։
Կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը կհատկացնի 31 մլն 125 հազար դրամ՝ Նիդերլանդներում ԴՆԹ փորձաքննություն իրականացնելու համար։
Ավելի վաղ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից: