Մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲՈւՆ» գիտամշակութային հիմնադրամը։ Այդ մասին հայտնի է դարձել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստում, որի օրակարգում ընդգրկված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել չորս՝ «ԲՈւՆ» գիտամշակութային հիմնադրամ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «ՅԱՆ ԹԻՎԻ» և «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 101, 73, 84 և 69 միավոր:
Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը:






