AM
15 Հուլիս 2022 - 12:03 AMT

Գետքի և Ղարիբջանյանի բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհը. Ոռոգման ջրի հարցը լուծելու պահանջով

Վաղ առավոտից Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք գյուղերի բնակիչները փակել էին Գյումրի–Արմավիր ճանապարհն ու պահանջում էին, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիրները լուծում ստանան։ Բնակիչները նշում էին, որ մինչ գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով, որն արդեն հասցրել է 3 անգամ ոռոգում իրականացնել, իսկ իրենք դեռ ջրի են սպասում։

Ղարիբջանյանի վարչական կենտրոնում` Շիրակի մարզպետարանի, «Շիրակ» ՋՕԸ –ի և Ախուրյան խոշորացված համայնքի պատասխանատուների հետ քննարկումից հետո նրանք բացել են ճանապարհը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը նշել է, որ վերջին օրերին արձանագրված շոգ եղանակի հետ կապված՝ խնդիրն ավելի է սրվել։

«Ղարիբջանյանն ամբողջությամբ ու Գետքի մի մասը չեն հանդիսանում Շիրակ ջրօգտագործողների ընկերության անդամ,և ընկերությունն այստեղ նրանց ջուր չի տրամադրում։ Այս գյուղերում միշտ օգտագործել են միայն իրենց ունեցած ջրի պաշարները: Շոգերին զուգահեռ ոռոգման սեզոնն է սկսվել, ավելացել են նաև ցանքատարածությունները, դրանով պայմանավորված էլ խնդիրը լրջացել է»,- նշել է Համայակյանը։

Նա տեղեկացրել է, որ խնդրի լուծման տարբերակն այս պահին մեկն է` այդ հատվածների բնակիչները պետք է անդամակցեն Շիրակ ՋՕԸ–ին, մինչ համայնքը կփորձի ոռոգման ցանցի խնդրով սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել կառավարությանը։ ‌