Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է ԲԴԽ լիազորությունները դադարեցրած նախագահ Ռուբեն Վարդազարյանի բողոքը։
Նշվում է, որ հուլիսի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ կողմից 16.06.2022 թվականին կայացված և 23.06.2022 թվականին հրապարակված (թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11) որոշումը վերացնելու մասին բողոքը, որոշել է մերժել այն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Հունիսի 23-ին ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ որպես կարգապահական տույժ, իսկ վարույթը հարուցվել էր Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ՝ որպես հիմք մատնանշելով լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որտեղ Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի վերաբերյալ։ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը քննարկվել է առանց Վարդազարյան ու նրա փաստաբանի ներկայության։ Հուլիսի 1-ին Վարդազարյանի փաստաբանը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, որի դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն և նա կմնա ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ զրույցը 2 ժամից ավելի է տևել, իսկ ձայնագրությունում «ծաղկաքաղն է ներկայացված»։ Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել:






