AM
16 Հուլիս 2022 - 09:47 AMT

Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին․ 550 անվճար տեղ թափուր է

Գնահատման և թեստավորման կենտրոնը բուհական ընդունելության ցուցակները կհրապարակի հուլիսի 18-ին։ Այդ մասին ասվել է Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում, որն անցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ:

Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ, նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

Ընդունելության հիմնական փուլի արդյունքները ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը: Նա տեղեկացրել է, որ բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար տեղ մնացել է թափուր:

Ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է արտոնություններ ունեցող դիմորդների ընդունելության ցուցակները՝ մոտ 200 դիմորդ, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային տեղերի մրցույթի արդյունքները: Հանձնաժողովը հաստատել է նաև ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված պահուստային և թափուր տեղերի վերաբաշխման հարցը:

Նիստի ընթացքում նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը և թափուր մնացած տեղերի հարցին` խնդրահարույց համարելով այն փաստը, որ անկախ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններից՝ անընդունելի է նվազագույն շեմի միավորով բուհ ընդունվելը:

«Չի կարելի ուղղակի ուսանողներ հավաքագրել` չկարևորելով նրանց ակադեմիական մակարդակը»,- շեշտել է նախարարը՝ բուհերին հորդորելով համապատասխան քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու տվյալ մասնագիտությունների գրավչությունը:

Նախարարն անդրադարձել է նաև հեռակա ուսուցման կազմակերպման խնդրին՝ նշելով, որ համապատասխան նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվում է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` սահմանվել է, որ հայտագրման, փաստաթղթերի ներկայացման, ընդունելության քննությունների և մրցույթի անցկացման գործառույթը փոխանցվում է ԳԹԿ-ին։

Նիստի ընթացքում քննարկվել են ընդունելության քննություններին առնչվող այլ հարցեր: ‌