AM
20 Հուլիս 2022 - 06:41 AMT

Մեքենայի և անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում 0-ական տեղեկանք այլևս պետք չէ․ Տվյալներն էլեկտրոնային եղանակով ստուգվում են տեղում

Ապրիլի 1-ից` ավտոմեքենայի, հուլիսի 4-ից նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է, որ տվյալներն ամբողջությամբ ՀՀ ոստիկանությանը, Կադաստրի կոմիտե, ինչպես նաև նոտարական գրասենյակներ փոխանցվում են փոխադրամիջոցի և անշարժ գույքի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Այս մոտեցումն արդեն կիրառվում է Հայաստանի ամբողջ տարածքում:

«2021թ. մոտ 100 հազար քաղաքացի ստիպված է եղել այցելել վարչական շրջաններ՝ 0-ական թղթային տեղեկանք ստանալու համար: Այս համակարգը հնարավորություն է տալիս տեղում ստուգել տվյալները, եթե կան պարտավորություններ՝ վճարել ու գործարքն իրականացնել: Սա, իհարկե, թիմային հետևողական աշխատանքի և համատեղ քննարկումների արդյունք է, որում Երևանի քաղաքապետարանի մեր թիմի հետ ներգրավված էին ՀՀ կառավարությունը, Կադաստրի կոմիտեն, «Վի Իքս Սոֆթ» և «ԲԵՍԹ ՍՈՖԹ» ընկերությունները: Նմանատիպ փոքր քայլերով պետք է կարողանանք թեթևացնել քաղաքացիների կյանքը՝ թվայնացման միջոցով հասանելի դարձնելով ծառայությունները»,- ընդգծել է քաղաքապետը: ‌