Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել կամավորների հավաքագրման վերաբերյալ՝ արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, տարհանելու ու վնասվածքների մասին տեղեկություններ հայտնելու նպատակով։
Նշվում է, որ կամավորները կարող են ներգրավվել նաև ԱՄՆ–ի` անհետ կորած քաղաքացիներին փնտրելու, ինչպես նաև բանտում կամ հիվանդանոցում գտնվողներին այցելելու համար:
Նրանց գործառույթների մեջ է մտնում նաև դեսպանատան անունից օգնության ցուցաբերումը դժվարությունների մեջ հայտնված ԱՄՆ քաղաքացիներին։
Դեսպանատունը կամավորներ է հավաքագրում ինչպես Երևանում՝ տարբեր վարչական շրջաններում, այնպես էլ մարզերում։
ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է, որ ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Նշվում է, որ դա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է։






