Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը, անդրադառնալով մայրաքաղաքում որոշ երթուղիների ավտոբուսների ուշացումներին, ասել է, որ դա պայմանավորված է առանձին երթուղիների որոշ վարորդների արձակուրդներով և հին ավտոբուսների պահեստամասերի համալրման անհրաժեշտությամբ, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Խնդիրը պայմանավորված է երկու հանգամանքով: Առանձին երթուղիների որոշ վարորդները, եղանակային պայմաններից ելնելով, արձակուրդում են, որը նրանց իրավունքն է: Երկրորդը՝ սպասում ենք հին ավտոբուսների պահեստամասերի խմբաքանակի ներկրման»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ եղանակային պայմաններից ելնելով ճիշտ չի լինի վարորդներին թույլ չտալ արձակուրդ մեկնել:
«Նրանք օրվա կտրվածքով աշխատում են 12-14 ժամ և իրավունք ունեն տարվա մեջ մի քանի օր արձակուրդ վերցնել: Ամառային ամիսներին, որպես կանոն, ուղևորահոսքը որոշակի նվազում է, և դա այն միակ ժամանակահատվածն է, երբ հնարավոր է վարորդներին արձակուրդ տրամադրել»,-պարզաբանել է Գևորգյանը:
Գևորգյանն ընդգծել է, որ հնարավոր չէ բացակայող վարորդների շարքերը նոր վարորդներ ընդունելով համալրել: Քաղաքապետարանն առանց այն էլ դժվարանում է հիմնական աշխատանքի ընդունելու համար D կարգի վարորդներ գտնել: Խնդիրը փորձում են լուծել՝ ուղեգծում աշխատող մեքենաների՝ երթուղի դուրս գալու միջակայքերն օպտիմալացնելով:
«Մի ավտոբուսը կարող է գալ 15 րոպե միջակայքով, մյուսը՝ 25 րոպե, կփորձենք միջակայքերի միջև բալանս ապահովել: Բայց դա ևս ամբողջությամ մեզանից կախված չէ՝ ելնելով փողոցների ծանրաբեռնվածությունից»,- նշել է Գևորգյանը՝ հավելելով, որ խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում:
Անդրադառնալով պահեստամասերի խնդրին՝ նա նշեց, որ հին ավտոբուսների պահեստամասերի ներկրման խնդիր կա, սպասում են պահեստամասերի նոր խմբաքանակի ներկրմանը:






