Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքից դուրս ամուսնության գրանցումը հանդիսավոր արարողությունների ժամանակ կպարզեցվի։ Չզեկուցվող հարցերի թվում կառավարության նիստում նման որոշում է ընդունվել։
Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։
Հիմնավորման մեջ նշվել է, որ մեծ պահանջարկ կա ամուսնության պետական գրանցումը կատարելու ոչ թե ՔԿԱԳ-ների տարածքում, այլ հանդիսավոր յուրօրինակ պայմաններում։
Ամուսնության հանդիսավոր արարողության կազմակերպման պետական վճարումը ՔԿԱԳ տարածքում 20, 000 դրամ է, իսկ դրա սահմաններից դուրս՝ 40,000 դրամ։
ՔԿԱԳ-ը պայմանագրային հիմունքներով կհամագործակցի այլ մարմինների հետ՝ վերջիններիս տարածքում (բնության գրկում, տեսարժան վայրերի մոտ) հանդիսավոր արարողությունը կազմակերպելու նպատակով։ Այս դեպքում նույնպես հարկ կլինի 40, 000 դրամ վճարել։
Նշվում է, որ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսվում:






