AM
21 Հուլիս 2022 - 11:57 AMT

Տարկետումից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի և առանց կանոնների մարտերերի աշխարհի չեմպիոնները

Պարտադիր զինվորական ծառայության տարկետումից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների մարզաձևերի աշխարհի չեմպիոնները։ Գործադիրը փոփոխություն է կատարել տարկետման կարգում՝ ընդլայնելով մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում:

Տարկետման իրավունքից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կամ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), կամ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), կամ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) և մարտեր առանց կանոնների (ՅՈՒ ԷՖ ՍԻ վարկածով) մարզաձևերի ներկայացուցիչները՝ աշխարհի չեմպիոնի կոչում ունենալու դեպքում:

Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ հաշվի առնելով, որ աշխարհում շատ են պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների մարզաձևերով զբաղվող հայ մարզիկները:

Այսպիսով՝ այս մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկները, որոնք նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ դրոշի ներքո մարզական միջոցառումներին մասնակցելու համար, կօգտվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից:

Որոշմամբ սահմանված տարկետման իրավունքից մինչև այս օգտվում էին օլիմպիական մարզաձևերով զբաղվող մարզիկները, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ, նավամոդել և բազկամարտ մարզաձևերով զբաղվող մարզիկները: Պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների մարզաձևերում աշխարհի չեմպիոնի կոչումը որոշելու համար անցկացվում են չեմպիոնական մենամարտեր, չի անցկացվում աշխարհի առաջնություն՝ չեմպիոնական մենամարտի հաղթողի կոչումը համահավասարեցվում է աշխարհի չեմպիոնի կոչմանը։