Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերի առավել բանուկ ճանապարհահատվածներում, հատկապես՝ Երևան-Սևան ճանապարհահատվածում, իրականացնելու է ուժեղացված ծառայություն, հայտնում է ոստիկանությունը։
Իրավապահները հորդորում են տրանսպորտային միջոցներ վարելուց և երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, չդրսևորել ավելորդ ինքնավստահություն և չվնասել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը:
«Առավելապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող անձինք, որոնց նկատմամբ չի դրսևորվելու ներողամտություն: Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ:
Հարգելի՛ քաղաքացիներ, որպեսզի չխաթարվի օրվա տոնական տրամադրությունը, հորդորում եմ համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները և առավել պատասխանատվությամբ հետևենք երթևեկության անվտանգության կանոններին»:
Այս տարի Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնը, նշվում է հուլիսի 24-ին:






