AM
25 Հուլիս 2022 - 06:56 AMT

Բռնության ենթարկված երեխաների ահազանգերը ոստիկանություն ավելացել են

2022-ի առաջին եռամսյակում անչափահասների նկատմամբ բռնության գրեթե նույնքան դեպք է գրանցվել, որքան 2021-ի առաջին եռամսյակում։ Ոստիկանության տվյալներով՝ նախորդ տարի բռնության 34, իսկ այս տարի՝ 33 դեպք է գրանցվել։ Աճել են ֆիզիկական բռնության դեպքերը, նաև՝ բռնության ենթարկված երեխաների ահազանգերը ոստիկանություն, տեղեկացնում է Հանրային ռադիոն։

Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանն ասել է, որ 2022-ի առաջին եռամսյակում անչափահասների նկատմամբ բռնության գրեթե նույնքան դեպք է գրանցվել, որքան 2021-ի առաջին եռամսյակում։

«2021 թվականին անչափահասների նկատմամբ բռնության 34 դեպք է գրանցվել, իսկ 2022 թվականին՝ 33 դեպք։ Եթե անցած տարի մեծ էր եղել սեռական բնույթի հանցագործությունները (2021 թվին 16 դեպք, իսկ 2022-ին՝ 7 դեպք) , ապա այս տարի ֆիզիկական բռնության դեպքերն են շատացել՝ մասնավորապես ծեծը»,-ասել է նա։

Ըստ վիճակագրության՝ գրանցված դեպքերը թեև նվազել են, բայց ավելացել են բռնության ենթարկված երեխաներից ահազանգերը․ոստիկանության ներկայացուցչի կարծիքով՝ երեխաներն այսօր ավելի տեղեկացված են, ավելի շատ բան գիտեն իրենց իրավունքների մասին։

Երեխաների աջակցության կենտրոնում վիճակագրությունը մի փոքր այլ է։ Այստեղ խնամվող երեխաների 60 տոկոսը սեռական բռնության կամ ոտնձգության է ենթարկվել։ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ են այցելում 3-17 տարեկան երեխաներ, որտեղ փորձում են օգնել այս երեխաներին, վերականգնել հարաբերությունները ընտանիքների հետ։ ‌