AM
26 Հուլիս 2022 - 12:35 AMT

Չալաբյան․ Փաշինյանը հետապնդում է ինձ ու ընտանիքիս՝ փաստերը կհրապարակվեն

«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր դեմ հարուցված քրգործով առաջին նախնական դատական նիստում, դիմելով դատավորին, ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է իրեն և իր ընտանիքին, և որ բոլոր փաստերը հրապարակվելու են։

«Սա ապօրինի քրեական գործ է, սա միայն ծխածածկույթն է։ Կա կոնկրետ վարչախմբի ղեկավար, անունն էլ Նիկոլ Փաշինյան, որին դուք ժամանակին դատել եք։ Նա իմ ու ընտանիքիս հանդեպ հետապնդում է իրականացնում, և բոլոր փաստերն աստիճանաբար հրապարակելու ենք այս դատաքննության ընթացքում։ Այս ծխածածկույթի տակ գործող իրավապահների խումբն էլ ամեն անգամ օրենքը կամայական է մեկնաբանում։ Բոլորն էլ հասկանում են, որ այստեղ հանցակազմ չկա։ Արել են ապօրինի ձայնագրություն, հազար տեղից մոնտաժել։ Ամեն ինչ կախված է երկու վկայից շանտաժով ստացված ցուցմունքից։ Խոշտանգումներով են ստացել` աչքիս առաջ»,-ասել է նա, տեղեկացնում է «Առավոտը»։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցած առաջին նախնական դատական նիստում Չալաբյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտարարել է, որ վարույթն իրականացնող քննիչը խախտել է մեղադրյալի իրավունքները և օրենսդրությունը` ժամանակին չտրամադրելով մեղադրական եզրակացությունն ու գործի նյութերը։ Չալաբյանը դա հաստատել է՝ ասելով, որ գործի նյութերն իրեն չեն տրվել։ Դատավորը, սակայն, գտել է, որ դատավարությունը պետք է շարունակել։

Պաշտպանական թիմն առարկել է նրա գործողությունների դեմ, վկայակոչել օրենքը, սակայն Մնացական Մարտիրոսյանը պնդել է, որ պաշտպանն ինքը կարող էր ծանոթանալ գործի նյութերին։

Արդյունքում պաշտպանական կողմը դատարանի գործողություններն ապօրինի է որակել և ասել, որ լքում են նիստերի դահլիճը։ Մնացական Մարտիրոսյանը նրանց գործողությունները որակել է անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ եւ հայտարարել մեկ ժամ ընդմիջում։

Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար:

Չալաբյանին ազատ արձակելու կոչով էր հանդես եկել 80-ից ավելի հասարական գործիչ և գործարար։