AM
28 Հուլիս 2022 - 06:51 AMT

Դատախազությունը Մանվել Գրիգորյանի ժառանգներից գույքի բռնագանձման պահանջ է ներկայացրել

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 12-րդ հայցադիմումը, որը հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ:

Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել, մասնավորապես՝

– Հայաստանի տարածքում գտնվող թվով 28 անշարժ գույք, թվով 16 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2,552,000,000 դրամ, ինչպես նաև մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում:

– Իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668,160,803 դրամ փոխառությունների պահանջի իրավունքը:

– 19,236,606 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 18,656,316 դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաև 17,027,871 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Նշվում է, որ առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2018-ի հունիսի 19-ին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

2019-ի մայիսից մեկնարկած դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին նրա վատառողջ լինելու պատճառով։ 2020-ի հունվարին առողջական խնդիրների խնդիրների պատճառով նա ազատվեց կալանքից, նույն թվականի նոյեմբերի 19-ին նա մահացավ։