Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նախագահ Աբդուլա Շահիդը, որն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, Twitter–ի իր միկրոբլոգից ջնջել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին գրառումը։
«Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ եմ դրել։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Հասմիկ Մարտիրոսյանին՝ թանգարանում շրջայցի համար»,- գրել էր Շահիդը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Մի քանի ժամ անց ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նախագահը գրառումը ջնջել է, սակայն համացանցում մնացել են գրառման «հետքերը»։
Այս կապակցությամբ Twitter-ում հայ օգտատերերը բողոքի ալիք են բարձրացրել։ Սոցցանցերում ՀՀ ԱԳՆ-ի էջի հրապարակումների տակ հայտնվում են բացասական մեկնաբանություններ և Շահիդի ջնջած գրառման սքրինշոթերը։
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Շահիդին Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար։
Անկարան հայտարարել է, որ Հայաստանն օգտագործել է Շահիդի այցը «միակողմանի պահանջների» շրջանակում, գրում է Sputnik Արմենիան։
«Ակնկալվում էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը զբաղեցնող պարոն Շահիդը կգործի արդար և անաչառ, ավելի զգույշ և պատասխանատու կլինի այս հարցում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Անկարան հերթական անգամ հայտարարել է «պատմական փաստերը խեղաթյուրելու» փորձերի» մասին։
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում: