Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի` համայնքի միջոցներով վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Շինաշխատանքներն արդեն ավարտվել են, բնակարանների բանալիներն առաջիկայում կհանձնվեն ընտանիքներին, տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանը։
Համայնքի միջոցներով գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Շուռնուխում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է բնակավայր, հետևել շինաշխատանքների ընթացքին:
Փոքրիկների համար նաև խաղահրապարակ է կառուցվում: Բնակավայրը նաև մանկական զարգացման կենտրոն կունենա՝ սենյակի նորոգման աշխատանքներն ավարտվել են, այժմ կահավորման աշխատանքներ են իրականացվում:
Բնակավայրի գիշերային լուսավորության խնդիրը ևս լուծվել է. Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել լուսատուներ, բնակավայրի լուսավորության ցանցն արդիականցվել է:
«Ոչ միայն Շուռնուխում, նաև համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում այս պահին բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը, սոցիալ- տնտեսական զարգացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
44-օրյա պատերազմի հետևանքով 2021-ի հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տուն հանձնվեց ադրբեջանցիներին: ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ տեղում նոր թաղամաս կկառուցվի՝ 13 տուն, սակայն դրանք դեռևս կառուցված չեն։






