«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվել է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող դատաքննության ժամանակ հանրային մեղադրողն աrաջարկել է Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ գումարի չափը թողնելով դատարանի որոշմանը։
Ավետիք Չալաբյանի պաշտպանը նշել է, որ ցանկացած դեպքում խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկած, գրում է Panorama.am-ը։
«Այս պայմաններում դատարանը, երբ քննարկում է խափանման միջոցի հարցը, պետք է անդրադառնա հիմնավոր կասկածին»,- ասել պաշտպանը՝ ընդգծելով, որ օրենքի հիման վրա ձեռք բերված ապացույց չկա այս գործով։
Դատավոր Մարտիրոսյանը որոշել է 3 ամիս ժամկետով կալանավորել Չալաբյանին:
Վերջինս կալանքից ազատ էր արձակվել հուլիսի 27-ին, քանի որ դրա ժամկետը լրացել էր և այլ որոշում չէր կայացվել։
Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: Չալաբյանին ազատ արձակելու կոչով էր հանդես եկել 80-ից ավելի հասարական գործիչ և գործարար։






