Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները սկսվել են և կավարտվեն մինչև գարուն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Տեխնիկաներն աշխատում են, ճանապարհը կառուցվում է։ Մինչև գարուն ճանապարհի կառուցումը կավարտվի։ Այժմ երեք մասի ենք բաժանել, ակտիվ աշխատում ենք»,- նշել Սանոսյանը, գրում է Sputnik Արմենիան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Արցախում սրված իրավիճակին, ասել է, որ որպես սրացման պատրվակ Ադրբեջանը շարունակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, սակայն ոչ մի համաձայնեցված երթուղի չկա, ինչպես պահանջվում է եռակողմ հայտարարությամբ։
Ավելի վաղ հայտարարվել է, որ Հայաստանը սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը։
Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։






