Քննչական կոմիտեն պարզել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր` Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանի առևանգման դեպքի հանգամանքները:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իջևանում հաշվառված քաղաքացին, վերոնշյալ անձին առևանգելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, հուլիսի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, հիշյալ գյուղի տներից մեկի դիմացից, դիմակավորված, նրա կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենա, փակել աչքերը և դուրս բերել գյուղից: Կարճ ժամանակ անց վերջինիս տեղափոխել են Toyota Land Cruiser Prado 2.7 մեքենա, որից հետո՝ ժամը 11:00-ի սահմաններում, նրան տեղափոխել են Լոռու Ծաթեր գյուղ և պահել են նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը: Հանցակիցներից մեկը, մինչև օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան:
Պարզվել է նաև, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ քաղաքացին մեկ այլ հանցակցի հետ միասին Hyundai Sonata 2.4 մակնիշի ավտոմեքենայով ժամանել է Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Այնուհետև Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում:
Օգոստոսի 11-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Օգոստոսի 11-ին ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից։
Այն մասին, որ Խաչատուր Քոքոբելյանի հայրը կորել է, հայտնի դարձավ հուլիսի 28-ին։ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը հուլիսի 26-ին դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։ Օգոստոսի 2-ին Քոքոբելյանը հայտնել էր, որ հայրը «ողջ և առողջ տանն է»:






