AM
29 Օգոստոս 2022 - 08:55 AMT

Դավիթ Տոնոյան․ Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գնահատելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է 24 մլն դրամ վճարելու դեպքում ծառայել 4.5 ամիս` 2 տարվա փոխարեն, նշել է, որ հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում։

ՊՆ նախկին ղեկավարի փաստաբանական խումբը լրատվամիջոցներից պարբերաբար հարցեր է ստանում և ներկայացրել է Տոնոյանի պատասխանները վերջին շրջանում ստացվածներին։

«Ներկայացված նախագիծը համահունչ է կառավարության և քաղաքական իշխանության «խաղաղության օրակարգին»։ Անձամբ ես և պաշտպանության նախարարությունը մշտապես դեմ ենք արտահայտվել նմանատիպ նախաձեռնություններին:

Ինձ համար նախագծով առաջարկվող կարգավորումներն անընդունելի են։ ՀՀ զինված ուժերում ծառայելը պետք է ողջունել և խրախուսել, այլ ոչ թե հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» սահմանել:

Հետաքրքիր է՝ պահպանվելու է արդյո՞ք թափանցիկությունն այն անձանց անունների մասով, ովքեր կվճարեն իրենց զավակներին առնվազն 1.5 տարվա զինված ուժերում ծառայության հետ կապված «զրկանքներից» ազատելու համար»,-նշել է Տոնոյանը:

Անդրադառնալով իր և փաստաբանների կողմից դատավորի գործողություններից բազմիցս հայտնած դժգոհություններին և այն հանգամանքին, որ վերջինս կարծես այլևս չի զբաղվում իր գործով՝ Տոնոյանը նշել է, որ գործը դատարան մուտքագրվելուց հետո նշանակվել է 7 դատական նիստ, որոնցից կայացել է ընդամենը 4-ը։

Նա նշել է նաև, որ, ընդհանուր առմամբ, անցած 8 ամսվա ընթացքում մոտ 8-9 ժամ դատական նիստ է տեղի ունեցել:

«Թեւե մտահոգված չեմ այն կապակցությամբ, որ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, չեմ կարող չարձանագրել, որ դատավոր Մանվել Շահվերդյանն այդ գործը Հակահոկոռուպցիոն դատարանին ենթակա լինելու մասին տեղյակ է եղել առնվազն 2021թ․ ապրիլից, երբ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում կայացվել է համապատասխան փոփոխությունը։

Իմ խորին համոզմամբ, դատավոր Մանվել Շահվերդյանը դիտավորյալ եւ մտածված կերպով այս ամիսների ընթացքում արհեստականորեն ձգձգել է դատական նիստերը, որպեսզի այս գործը իր «վրայից գցի»։ Դրա հետեւանքով ես եւ գործով անցնող մյուս անձինք ապօրինի կերպով մնացել ենք անազատության մեջ՝ առանց որեւէ իրավական հիմքի։

Ավելին, գործընթացը անհիմն ձգձգելով՝ դատավորը ինձ հնարավորություն չի տվել հերքելու մեղադրող կողմի այն պնդումը, որ իբր կարող եմ ճնշում գործադրել վկաների և դատավարության այլ մասնակիցների վրա։ Եվ դա այն պարագայում, որ հենց այդ մտացածին «մտավախությունն» է ինձ շուրջ մեկ տարի անազատության մեջ պահելու միակ «հիմնավորումը»,-ասվում է Տոնոյանի պատասխանի մեջ։

Պաշտպանության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից 4․5 ամսվա ուսումնական փուլից հետո։ Ըստ հիմնավորման, 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի հինգ տարի ամսական վճարել 400,000 դրամ։