AM
29 August 2022 - 09:08 AMT

«Սուրմալուի» պայթյունից տուժածներին սոցաջակցության նախագիծ է մշակվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծը: Այդ մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Նախագծով շահառուների շրջանակը հստակեցվել է, որի համաձայն՝ աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, ովքեր հիվանդանոցային պայմաններում բուժում են ստացել: Գործընկեր գերատեսչություններից նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալուց կնշենք նաև նախատեսվող աջակցության չափի ու ընթացակարգի մասին մանրամասներ»,-ասված է նախարարության տրամադրած պատասխանի մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից տուժած բիզնեսին։ Այդ մասին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Եթե այդ միջավայրում աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց, բնականաբար, այս դեպքը հատուցելի կլիներ։ Հիմա եթե ինչ-որ մեկն արել է, մի մասը չի արել, ապա կառավարությունը չի կարող իր վրա վերցնել ֆունկցիա ՝ փոխհատուցել այն ծախսերը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը։ Եթե գործարարը չի համարել այդ ռիսկը մեծ, ապա այստեղ կառավարությունն անելիք չունի»,-ասել էր նա։