Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ՔՊ-ն հավելյալ ջանքեր է գործադրում, որ սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները մաքսիմալ ազատ և թափանցիկ անցնեն, հայտնում է Արմենպրեսը։
Թորոսյանը համակարգում է ՔՊ նախընտրական աշխատանքները։
Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան 18 խոշորացված համայնքում։
«Այս պահի դրությամբ օրենքով սահմանված ժամկետում տեղի է ունենում թեկնածուների համամասնական ցուցակների առաջադրումը, գրանցումը, փաստաթղթերի ճշգրտումը, գրանցումից հետո կանցկացվի վիճակահանություն՝ կտրվեն համարները, իսկ նախընտրական քարոզարշավը կսկսվի օգոստոսի 31-ից: Մեզ համար շատ կարևոր է մեր քաղաքացու քվեի արձանագրումը՝ անկախ նրանից, դա կստանանք մենք, թե մեր մյուս մրցակիցները: Այս առումով հավելյալ ջանքեր ենք գործադրում, որ պրոցեսը տեղի ունենա մաքսիմալ ազատ և թափանցիկ»,- ասել է Թորոսյանը:
Նա տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է ընտրություններին 18 խոշորացված համայնքից 17-ում՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Ալագյազ (մեծամասնական ընտարակարգ), Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքներում: «Քաղաքացիական պայմանագիրը» չի մասնակցում միայն Ճամբարակ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին:
«Ներկայացրել ենք գրեթե բոլոր փաստաթղթերը, առաջին համարի թեկնածուների անունները, ավագանու ցանկերը: Ես համակարգում եմ այդ ամենը, բայց նաև աշխատանքներ են տարվում մեծ ներկայացուցչական կազմով Ազգային ժողովից, գործադիր մարմնից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից»,- հավելել է Թորոսյանը:
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների ակտիվությունը կախված է տարբեր հանգամանքներից՝ սկսած նրանից, թե քանի թեկնածու կա առաջադրված այս կամ այն համայնքում, քարոզարշավը ինչ ընթացք է ունենալու և վերջացրած, թե ինչ հռետորաբանություն է օգտագործվելու, ինչ հակադրություններ կան մրցակցող քաղաքական ուժերի միջև և այլն:
«Օրինակ, Սիսիան խոշորացված համայնքում, որը, ի դեպ, կրկին խոշորացվում է Գորայք համայնքի հետ, ունենք 7 քաղաքական ուժի առաջադրում: Դա ավտոմատ նշանակելու է շատ բարձր ակտիվություն, որովհետև բոլորը փորձելու են քվե ստանալ և ներգրավել մարդկանց: Ունենք նաև համայնք, որտեղ մեկ ուժ է ներկայացված, դա օրինակ Ջրվեժն է: Իհարկե, պետք է ձգտենք հնարավորինս խրախուսել, խնդրել քաղաքացիներին, որ գան իրենց քվեն տան, որովհետև կարևոր է քաղաքացու քվեի արձանագրումը ընտրությունների լեգիտիմությունը ցույց տալու համար, բայց տարբերությունը ակնհայտ լինելու է»,- ասել է Թորոսյանը:
Պատգամավորը ընդգծել է, որ որպես քաղաքական հանձնառություն ՔՊ-ն շատ է կարևորում քաղաքական ուժերի լայն մասնակցությունը, որովհետև ինչքան շատ մարդ է մասնակցում ընտրություններին, այնքան ներկայացուցչական և լեգիտիմ են դրանք, հետևաբար՝ որևէ կասկած չի հարուցում, որ ընտրված համայնքապետն իրոք ներկայացնում է այդ համայնքի ժողովրդին և դրա շահերը:
Խոսելով ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ծրագրի հիմնական շեշտադրումների մասին՝ Թորոսյանը հայտնել է, որ իշխող ուժը Կառավարության և Ազգային ժողովի մակարդակում ցույց է տվել, որ իրենց համար համայնքների զարգացումը ամենակարևոր առաջնահերթություններից է:






