ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցին Շուշի, հայտարարել է, որ հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ։
Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում համաժողով է եղել:
«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում:
Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց»,-ասվում է Հունանյանի մեկնաբանության մեջ։
Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են այցելել Շուշի։






