AM
31 Օգոստոս 2022 - 14:08 AMT

Օհանյան․ Արզումանյանը հայտնվել է ՊԲ ղեկավարի պաշտոնին, երբ բանը բանից անցած է եղել

ՊՆ նախկին ղեկավր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով օգոստոսի 30-ին ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին բերման ենթարկելուն, ասել է, որ Արզումանյանը հայտնվել է ՊԲ ղեկավարման պաշտոնին վերջին ժամանակահատվածում, ղեկավարել է 10-12 օր, երբ կարելի էր ասել, որ «բանը բանից անցած է եղել»:

«Շուշիի մարտական գործողությունները տեսնում եմ 44-օրյա պատերազմում պաշտպանողական օպերացիայի ընթացքում տարբեր մարտական գործողությունների համատեքստում: Որովհետև Շուշիի օպերացիան հենց այնպես չծնվեց, Շուշիի անկումը հենց այնպես չծնվեց: Շուշիի անկման ճանապարհը տարբեր օղակների՝ Հորադիզ, Ֆիզուլի, Ջրական, Հադրութ, Կարմիր շուկայի ենթաշրջան և Ասկերանի վերին ենթաշրջանի մարտական գործողությունների համատեքստում է: Ադրբեջանցին հենց այնպես չհայտնվեց Շուշիում: Այդ առումով ընդհանուր պատասխանատվության խնդիր կա Հայաստանի հանրապետությունում: ՀՀ իշխանությունները փորձում են պատասխանատվությունը գցել մարտավարական ցածր օղակի , նաև զինվորական հրամանատարների վրա»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Օհանյանի դիտարկմամբ, ինքը Արզումանյանի հետ առնչվել է իր ամբողջ ծառայության ընթացքում և նա Արցախյան 1-ին ազատամարտում, բոլոր հրամանատարական պաշտոններում իրեն ցուցաբերել է որպես հմուտ, քաջարի հրամանատար:

«Ինձ համար կարևոր են հետևյալ հարցերի պատասխանները. ով է պատասխանատու նրա համար, որ տապալեց Արցախի վերաբերյալ բանակցային ամբողջ գործընթացը, քայքայեց բանակցային ամբողջ ներուժը, ամպագոռգոռ բառերով ասաց՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ և այսօր ձեռքերը լվացել է Արցախից ու ասում է՝ Արցախը Ադրբեջան է, և վե՛րջ: Ով է այն պատասխանատուն, որը 2020 թվականի հուլիսյան գործողությունների ժամանակ հրահրեց պատերազմ։

Ով է այն պատասխանատուն, որը երկիրը ներքաշեց պատերազմական գործողությունների մեջ, պատերազմի սկզբնական ժամանակահատվածում միջոցառումներ չիրականացրեց պատրաստվելու պատերազմի նախնական փուլին: Ով է այն պատասխանատուն, որը երկիրը պատերազմի ընթացքում չի տեղափոխել ռազմական ռելսերի վրա և ամբողջ ներուժը չի ուղղել բանակին թիկունք կանգնելու համար: Ով է այն պատասխանատուն, որը չի մոբիլիզացրել մարդկային ռեսուրսները բանակի սանիտարական և այլ կորուստները վերականգնելու ու համալրելու համար:

Ով է այն պատասխանատուն, որը պետք է ճիշտ կռահեր ու որոշեր Անվտանգության խորհրդում, կառավարությունում հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը, պետական ու ՏԻՄ ամբողջ ներուժը՝ շինարարական ու ինժեներական բոլոր կարողությունները ուղղեր հակառակորդին կանգնեցնելու, խորքում պաշտպանություն ձևավորելու համար:

Որոնք են այն իրավական բոլոր ոլորտները, մարմինները, որոնք անկախ ու անաչառ են, որոնք մատը մատին չեն խփել պատերազմում այդ անօրինականությունները, մարտական գործողությունների թատերաբեմում այդ բարդակը կանգնեցնելու, կարգ ու կանոն հաստատելու համար:

Ովքեր են այն պատասխանատուները, որոնք այդ անհաջողությունները, նահանջը այդ բարդակը տեսնելով՝ ընդհակառակը խրախուսել են գեներալական կոչումներով, հերոսների կոչումներ շնորհելով տարբեր շքանշաններով: Ովքեր են այն պատասխանատուները, որոնք պատերազմը կանգնեցնելուց հետո ոչինչ չեն արել և բարդակը շարունակվել է ՀՀ սահմաններում, չեն կարողացել որոշել այն ռազմավարական կարևոր կետերը, բարձունքները, ոչինչ չեն արել, որ արագ զբաղեցնեն աշխարհագրական դիրքերը, որ հակառակորդը չգա, մխրճվի այդ ամենի մեջ:

Ովքեր են այն պատասխանատուները, որոնք այսօր որոշումներ են ընդունում՝ իրականությունից կտրված, անվտանգության մասին չմտածելով: Մեկ տարի է՝ մենք տարբեր միջոցառումներ ենք նախաձեռնում անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, Արցախին վերաբերող, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող, բայց այսօրվա իշխանությունները ու ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում են:

Ովքեր են այն պատասխանատուները, որ այս ամենի հետ մեկտեղ երկիրը տանում են կեղծ խաղաղության օրակարգի, որոշում են ջարդել մեր պայքարի ոգին, կեղծ թուրք-ադրբեջանական խորամանկության տակ են տանում: Այս ամենի պատասխանատուն ինձ համար, մեր ժողովրդի համար ՀՀ այսօրվա իշխանություններն են, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Ուզի Նիկոլը, թե չուզի՝ այս ամենի պատասխանատուն ինքն է ու ինքը պատասխան է տալու: Մնացածը տարբեր օղակների ու Արզումանյանի ձերբակալումը, այսպիսի բեմականացված հաղորդագրությունները իրենց կառուցողական ընկերների, Ալիևի մոտ հաշվետվության շրջանակներում են»,-ասել է Օհանյանը։

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, և նա ազատ է արձակվել։ Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Աջափնյակի նստավայրում օգոստոսի 31-ի երեկոյան քննվելու է նրա խափանման միջոցի հարցը։