Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ինչպես և ակնկալվում էր՝ դատարանը կատարեց իր առաքելությունը և կալանավորեց Միքայել Արզումանյանին։ Շոուն շարունակվում է…»։
Ավելի վաղ փաստաբանը ներկայացրել էր Միքայել Արզումանյանի նկատմամբ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում թույլ տրված ակնհայտ ապօրինությունների ոչ սպառիչ ցանկը։
Փաստաբանը նշել է, որ գործում առկա է Միքայել Արզումանյանին 25․08․2022թ․ ժամը 10։00-ին վկայի կարգավիճակով հարցաքննության կանչելու վերաբերյալ ծանուցագիր, սակայն այն Միքայել Արզումանյանին չի հանձնվել։ Չնայած դրան, նույն օրը որոշում է կայացվել Միքայել Արզումանյանին հարկադրաբար ներկայացնելու մասին (բերման ենթարկել)։
Նշվում է նաև, որ վկայի կարգավիճակով քննիչի մոտ ներկայացվելուց ժամեր անց հանկարծ պարզվում է, որ Միքայել Արզումանյանին պետք է մեղադրանք առաջադրվի։ Իսկ ժամը 19։30-ի սահմաններում հանկարծ պարզվում է, որ Միքայել Արզումանյանին պետք է ձերբակալեն, քանի որ նրան կալանավորելու համար պետք է ներկայացնեն դատարան։
Երեմյանը գրել է, որ ձերբակալման հիմնավորումը ևս այդ չհանձնված ծանուցագրով չներկայանալն է, այսինքն՝ ակնհայտ անհիմն և անօրինական ձերբակալում։
«Մոտ 40 րոպեից դատարանի աշխատակազմից հայտնեցին, որ դատավորը հրատապ նիստ է հրավիրում՝ դատավորը հայտարարեց, որ նյութերի լրացուցիչ ուսումնասիրությունից պարզել է, որ դեռևս ժամը 11։45-ին լրացել է Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը և որ նա արդեն իսկ ազատ է, սակայն պարտավոր է մասնկացել կալանավորման միջնորդության քննությանը։
Այնուհետև, դատավորը, հավանաբար, նույն ցուցում տվողներից պարզել էր, որ այդ հսկայածավալ նյութերին ծանոթանալու համար ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրելով, ուղղակի չափն անցել է և որ լուրջ խախտոմ է թույլ տվել, որ պետք է լրացուցիչ ժամանակ տա պաշտպանության կողմին՝ նյութերին ծանոթանալու համար, ուստի իր նախաձեռնությամբ բառացի սկսեց համոզել, որ նորից միջնորդեմ, որ լրացուցիչ ժամանակ տա։
Ի վերջո դատավորը որոշեց, որ մինչև ժամը 19։00-ն ժամանակ պետք է տրամադրի, որպեսզի ծանոթանանք նյութերին, ինչը, ակնհայտորեն այդ ծավալի նյութերի համար ողջամիտ ժամկետ չէ։
Այսքանից հետո մի՞թե կարող ենք պատկերցանել, որ զուտ իրավական գործընթացների հետ գործ ունենք և որ դատավորն ի վիճակի կլինի այս գործով օբյեկտիվ և արդար որոշում կայացնել։ Ակնհայտորեն դատավորի համար արդեն իսկ գործի «վերնագրից» պարզ էր, որ պետք է կալանավորման որոշում կայացնի, ուստի «թքած» ուներ Միքայել Արզումանյանի ազատության և պաշտպանության իրավունքների վրա»,-ասվում է գրառման մեջ։
Արցախի պաշտպանության նախկին նախարար-ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալվել էր օգոստոսի 30-ին, իսկ օգոստոսի 31-ին ազատ էր արձակվել, քանի որ ձերբակալման ժամկետը լրացել էր։ Արզումանյանը մեղադրվում է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ։ Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ։ Արզումանյանն իր մեղքը չի ընդունում։






