AM
1 Սեպտեմբեր 2022 - 07:17 AMT

Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը ուսումնական տարվա սկզբի հետ կապված հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի հայտարարության մեջ:

«Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին: Ոստիկանության պարեկային ծառայությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: Նպատակը մեկն է՝ ապահովել երեխաների անվտանգությունը:

Վարորդներին կոչ է արվում պահպանել երթևեկության կանոններն ու բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում: Ծնողներին, մանկավարժներին կոչ ենք անում ուշադիր լինել երեխաների հանդեպ: Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ»,- ասվում է հայտարարության մեջ։ ‌