«Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, որն ազատ է արձակվել գրավի դիմաց, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դա չափազանց կարևոր քայլ էր՝ վերականգնելու օրինականությունը և խզելու «այն ապօրինությունների շղթան, որը սկսվել էր այս տարվա մայիսի 12-ին»։
Նա նշել է նաև, որ թեև ինքը վերադարձել է ազատության, արդարության վերջնական հաստատման համար պայքարը շարունակվում է։
Օգոստոսի 31-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանել է չորս շաբաթ առաջ Երևանի առաջին ատյանի դատարանի կողմից ընդունած որոշումը՝ Չալաբյանն ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։
«Շատերը ուշադրություն էին դարձրել գրավի խոշոր չափի վրա՝ այն իսկապես ավելի շատ նմանվում էր պատանդառությունից դուրս գալու փրկագնի, սակայն ի վերջո, երկրորդական նշանակություն ուներ։ Առաջնայինն այն էր, որ գործող վարչակարգը, նույնիսկ շարունակաբար անթաքույց և ցինիկ ճնշումներ կիրառելով այս գործում ներգրավված իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչների վրա, ի վերջո ստիպված եղավ տեղի տալ օրենքի ուժի և հանրային բողոքի հզոր ալիքի առաջ, և համակերպվել նրա հետ, որ այլևս ընդունակ չի պարտադրել իր կամքը սեփական իրավունքները գիտակցող, և դրանք հետևողական իրացնող անհատ քաղաքացուն (և քաղաքացիներին ընդհանրապես)։
․․․Թեև երեկ ես վերադարձա ազատության, արդարության վերջնական հաստատման համար պայքարը շարունակվում է։ Դեռևս շարունակվում է իմ դեմ սկսված շինծու քրեական գործը, և մեր նպատակն է լինելու, մեր պաշտպանական թիմի որդեգրած օրինական միջոցներով, ապացուցել մեղադրանքի ամբողջ սնանկությունը, և հասնել իմ վերջնական արդարացման, եթե դա նույնիսկ տարիներ տևի, և հետագա մեծ ջանքեր պահանջի։
Ավելի լայն իմաստով, շարունակվում է պայքարը բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության, և մեր երկրում իրավունքի գերակայության համար, և մենք հնարավոր բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի աջակցենք իրենց վրա այս վարչակարգի ապօրինությունների բեռը կրող մեր բոլոր հայրենակիցներին, ինչպես նաև նախաձեռնենք իրավական համակարգի այնպիսի բարեփոխումներ, որոնք հետագայում կնվազեցնեն կամայականությունների հնարավորությունն ընդհանարապես։
Բնականաբար, շարունակվում է պայքարը նաև մեր պետության ինքնիշխանության վերահաստատման, մեր խարխլված անվտանգության և ազգային իրավունքների վերականգման համար, և ես աննահանջ, նոր թափով և եռանդով միանալու եմ մեր ամենօրյա աշխատանքներին ու կռվին՝ մինչև բոլորիս համար իրական և շոշափելի հաղթանակ։ Այս նպատակով, մոտակա օրերին, հնարավորություն կունենամ հանդես գալ առանձին գրառմամբ, և շարադրել առաջիկա մտահղացումները և գործնական պլանները»,-ասվում է գրառման մեջ։
Չալաբյանը ձերբակալվել էր մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: Չալաբյանին ազատ արձակելու կոչով էր հանդես եկել 80-ից ավելի հասարական գործիչ և գործարար։






