AM
2 Սեպտեմբեր 2022 - 10:47 AMT

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն այսուհետ պատիժը կկրի բաց ռեժիմով

Համակուրսեցու սպանության համար մոտ 26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը, հայտնում է Factor.am-ը։

«Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը` 2022 թ․ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ»,- նշել է Նավիկյանը։

Բաց ռեժիմն իրենից ենթադրում է, որ դատապարտյալն իրավունք է ստանում առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն դուրս գալ հիմնարկից, իսկ վերադառնալուց հետո՝ քնել մյուս դատապարտյալներից անջատ՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:

2019 թվականին հայտնի դարձավ, որ Ենոքյանը ներման խնդրագրով դիմել է նախագահին, ինչը բավականին բուռն արձագանք գտավ։ Տուժող կողմի՝ 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի ծնողները հայտարարեցին, որ Մհերն ուղղակիորեն չի կարող ներման արժանանալ և նախագահի կողմից խնդրագրի ստորագրումը կարող է «մեծ ողբերգության հանգեցնել»։ Շաբաթներ անց հայտարարվեց, որ նախագահը մերժել է ներում շնորհել Ենոքյանին, տեղեկությունների համաձայն՝ որոշման համար հիմք է հանդիսացել նաև հանրային ճնշումը։

Մհեր Ենոքյանն իր համակուրսեցուն առաանձնակի դաժանության սպանելու մեղադրանքով մահապատժի էր դատապարտվել 1996-ին, սակայն 2003 թվականին, երբ Հայաստանում վերացավ մահապատիժը, նրա պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Նա մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նշելով՝ թեև ինքը ներկա է եղել սպանությանը, սակայն որևէ կապ չունի դրա հետ, իսկ ցուցմունք տվել է խոշտանգումների ազդեցությամբ։