2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու պետական աջակցության ծրագիրը շարունակվում է:
Կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում ընդունված որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022-ի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով գումար է հատկացվել շահառուների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով: Հատկացված 52 մլն 380 հազար դրամ գումարի շրջանակում ուսվարձի փոխհատուցում կստանա ընթացիկ տարվա մարտի 22-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ԿԳՄՍ նախարարություն ներկայացած մոտ 221 շահառու, որոնք զորացրվել են 2021-2022 թվականների ձմեռային զորացրման ժամանակ:
Ընդհանուր առմամբ, նշված պետծրագրով 2021-ին ուսվարձի փոխհատուցում է ստացել բուհերում սովորող 7318 ուսանող՝ 1 մլրդ 595 մլն 931 հազար դրամի, իսկ 2022 թ.՝ 1026 ուսանող՝ 233 մլն 262 հազար դրամի:
Ուսման վարձի փոխհատուցման գործընթացը և բուհերի ներկայացրած հայտերի հիման վրա շահառուների տվյալների հավաքագրումը ԿԳՄՍ նախարարության կողմից կշարունակվի մինչև պատերազմի մասնակից ժամկետային բոլոր զինծառայողների զորացրումը:






