AM
2 Սեպտեմբեր 2022 - 13:48 AMT

Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

Մեղադրանք է ներկայացվել 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին։

Քննչական կոմիտեի հայտարարության համաձայն, նա ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։

Նշվում է, որ ճեղքված բնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով Ջ.Հ-ն 2020թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հասցնել բանակային հակահարված:

«Ջ.Հ-ն հոկտեմբերի 7-ին անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ պաշտպանության գոտու ամբողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե քանակապես, թե որակապես զիջելու, այդ թվում՝ հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, կասեցրած չլինելով հակառակորդի առաջխաղացումը, հոկտեմբերի 5-ից չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը, չի պահպանել մարտական խնդրի կատարման՝ իր իսկ սահմանած ժամանակացույցը, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը։

․․․Ստեղծված իրավիճակում գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները, մասնավորապես՝ երկու զորամասերի՝ միմյանցից անջատ գործելու, մարտական կարգադրություններով նախանշված ժամկետները խախտելու և ուշացումով ելման շրջան հասնելու, այնուհետև՝ ուշացումով և ոչ ամբողջական կազմով մարտական խնդրի կատարումը մեկնարկելու, միմյանց հետ չփոխգործակցելու, զորամասերից մեկի՝ նախատեսվածի փոխարեն մոտ50 տոկոս ուժերի կազմով մարտական գործողությունը մեկնարկելու պայմաններում նախատեսված օպերացիան ակնհայտորեն ձախողելու հանգամանքը, մարտական օպերացիան չեղարկելու կամ ուշացումով մեկնարկելու և այդ ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով անձնակազմն ու տեխնիկան շարք վերադարձնելու փոխարեն շարունակել է մարտական օպերացիայի իրականացումը, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ ձախողվել է բանակային հակահարվածը, յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ զինտեխնիկայի և մարդկային ուժի կորուստներ (զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը), ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ:

Ջ.Հ.-ն բանակային հակահարվածի ձախողումից հետո՝ նույն օրը, որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ և երկու զորամասերի ուժերով ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, և, ըստ էության, ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը, ինչ հոկտեմբերի 7-ին:

Հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել՝ առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկայի տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա՝ հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ, մարտական առաջադրանքի կատարումը ձախողվել է ։

Հոկտեմբերի 11-ին N զորամասի հրետանային դիվիզիոնը կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, նշված կրակային դիրքից մոտ 1 կմ առաջ՝ բլրի վրա, տեղակայված դիվիզիոնի հրամանատարական դիտակետից դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև ՀՀ ԶՈՒ համազգեստ կրող անձինք:

Հրամանատարական դիտակետում գտնվող դիվիզիոնի հրամանատարը, տեսնելով նշված խմբավորմանը և կասկածելով հակառակորդի դիվերսիոն խումբ լինելու մեջ, անմիջապես ռադիոկապի միջոցով անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, որից հետո դուրս է եկել դիտակետից և շտապել իր անձնակազմի մոտ: Այդ ընթացքում զորամասի հրետանու պետը մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է բանակի հրետանու բաժին և խնդրել ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու բաժնից այդ տեղեկությունը փոխացնվել է հրամանատարական կետում գտնվող գնդապետ Գ.Բ-ին, ով իր հերթին այդ մասին զեկուցել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ին։ Վերջինս համակողմանի չի ուսումնասիրել, տեղեկատվությունը, լրացուցիչ հետախուզություն չի կազմակերպել, տեղեկությունը չի քննարկել, սակայն, առանց հիմնավորման նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:

Ջ.Հ-ին 2-րդ անգամ ևս հայտնել է, որ խմբավորումը յուրային է, որը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:

Վերադառնալով դիվիզիոնի հրամանատարական դիտակետ՝ դիվիզիոնի հրամանատարը շարունակել է կասկածել մոտեցող խմբավորման յուրային լինելու մեջ։ Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը և առաջ շարժվել դեպի կրակային դիրքերի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը մոտ 500 մետրից հավաստիացել է մոտեցող խմբի ոչ յուրային լինելու մեջ և կարգադրել լքել կրակային դիրքը, սակայն գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու հետևանքով հակառակորդն արդեն մոտ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից և նռնականետերից կրակ է արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի և մեքենաների ուղղությամբ: 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել և փորձել է դուրս գալ կրակային դիրքից, որի հետևանքով ուժերի և միջոցների անհավասար մարտում զոհվել է մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայող, հրետանու պետ, փոխգնդապետ Ն.Հ-ի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։

Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ, այդ թվում՝ դիրքերում մնացել են թվով 8 հատ Դ-20 հրանոթները, թվով 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, մեծաքանակ զենք-զինամթերքը, այդ թվում՝ հրանոթի արկերը, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում, այն է՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հակառակորդի նշված դիվերսիոն խումբն առանց խոչընդոտների հասել և վերահսկողության տակ է վերցրել N զորամասի մշտական տեղակայման վայրը»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

2022թ. սեպտեմբերի 2-ին Ջ.Հ-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Նախաքննությունը շարունակվում է։ ‌