AM
2 Սեպտեմբեր 2022 - 14:37 AMT

Նոբելյան մրցանակակիր Դոննա Սթրիքլենդը դասախոսություն է կարդացել ՀՌՀ-ում

Նոբելյան մրցանակակիր, Starmus VI միջազգային փառատոնի հրավիրյալ մասնակից, ֆիզիկոս Դոննա Սթրիքլենդն Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցի (MAOP-2022) շրջանակում դասախոսությամբ է հանդես եկել Հայ-Ռուսական համալսարանում։

Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցն (MAOP-2022) անցնում է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը։

Դասախոսության թեման էր «Բարձր ինտենսիվությամբ գերարագ օպտիկական իմպուլսների գեներացումը»։

Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՌՀ-ի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն Հայկ Սարգսյանը և ՀՌՀ-ի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Հայրապետյանը, հայտնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը։

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ Հայ-Ռուսական համալսարանում։ Դուք ֆիզիկայի գծով երկրորդ Նոբելյան մրցանակակիրն եք, որին պատիվ ունենք հյուրընկալել մեր համալսարանում․ առաջինը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովն էր, որը 2011թ․ հոկտեմբերի 11-ին ՀՌՀ-ում հանդես էր եկել «Կիսահաղորդիչների հեղափոխությունը 21-րդ դարում» թեմայով դասախոսությամբ»,- նշել է Հայկ Սարգսյանը։

Դասախոսության ավարտից հետո հանդիպմանը ներկա ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն իրենց հարցերն են ուղղեցին պատվավոր հյուրին։

Հայ-Ռուսական համալսարանում և Երևանի պետական համալսարանում ընթացող Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցի մասնակիցներին առկա և առցանց ձևաչափերով դասախոսություններ են կարդացել Ռուսաստանի և մի շարք եվրոպական երկրների մասնագետները:

Starmus VI միջազգային փառատոնի (սեպտեմբերի 5-10) շրջանակներում, որի գործընկերներից է նաև Հայ-Ռուսական համալսարանը, մեծանուն և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները դասախոսություններ են կարդալու ՀՌՀ-ում:

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՌՀ-ում կայանալու է աստղաֆիզիկոս, մոլորակագետ և Հարավարևմտյան հետազոտական ինստիտուտի Բոլդեր գրասենյակի տնօրեն Ջոել Պարկերի դասախոսությունը, սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի ֆիզիկոս, Նյու Մեքսիկոյի համալարանի հրավիրված դասախոս Մարկ Բոսլոունինը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կլիմայագիտության դասախոս, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի հատուկ հրավիրյալ գիտնական, Լոնդոնի կլիմայական փոփոխությունների համագործակցության կազմակերպության ղեկավար Քրիս Ռափլինինը։ Դասախոսությունների աշխատանքային լեզուն անգլերենն է։