Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում:
Նա ընդգծել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, տեղահանված բնակիչների, Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված խնդիրների և սպառնալիքների վերացման անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ստեղծված իրավիճակի հանգամանալից ներկայացման համար: Ընդգծելով Հայաստանի և ՄԱԿ-ի միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ Միրոսլավ Յենչան փոխգործակցության շարունակության և աջակցության պատրաստակամություն է հայտնել:
Նշվել է նաև, որ ՄԱԿ-ը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի հետ հանդիպմանը, անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին, կարևորել էր ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում:






