AM
5 Սեպտեմբեր 2022 - 09:10 AMT

Չալաբյան. Փորձ է արվում օրինականացնել հարուստների կողմից փողով իրենց երեխաներին զինծառայությունից ազատելու պրակտիկան

Հասարակական-քաղաքական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով 24 միլիոն դրամով զինվորական ծառայությունից ազատվելու օրինագծին, ֆեյսբուքյան իր էջում հորդորել է այն մարդկանց, որոնք դեմ են նախագծին, քվեարկել դրա դեմ։

«Այս վարչակարգի իշխանության գալու պահից ի վեր, նրա կողմից բազմաթիվ փորձեր են եղել օրինականացնել հարուստների կողմից փողով իրենց երեխաներին զինվորական ծառայությունից ազատելու ամոթալի պրակտիկան, սակայն ամեն անգամ հանդիպելով հասրակության կոշտ դիմադրությանը, նրանք ստիպված են եղել ընկրկել։ Այս անգամ, երևի, իրենք համարում են, որ հասրակության ողնաշարն արդեն կոտրել են, և կարող են վերջնականապես օրինականացնել այն, ինչ իրենց շրջապատի «հարուստ դասալիքների» վաղնջական երազանքն է։

Հատկանշական է, որ այս վարչակարգը իշխանության է եկել առաջին հերթին հասարակության համեմատաբար չունևոր խավերի աջակցությամբ, նրանց սոցիալական արդարություն խոստանալով, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանում է իր աջակիցներին, և աճուրդի է հանում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունը 24 մլն դրամի դիմաց, դրանով հասարակությունը բաժանելով «առաջին« և «երկրորդ« սորտի քաղաքացիների, և խորացնելով նրանց միջև անջրպետը և հասարակական բևեռացումը։

Ներկայումս Արդարադատության նախարարության կայքի վրա հանրային քննարկման է դրված այդ նախագիծը, այն շարունակվելու է ևս մի քանի օր։ Արձագանքները մեծամասամբ բացասական են, սակայն ակնհայտ անբավարար։ Եթե դուք դեմ եք այս նախագծին, խնդրում եմ մի քանի րոպե ժամանակ հատկացնենք, մտնեք կից հղումով, և քվեարկեք նրա դեմ։ Եթե ավել ժամանակ ունեք, կարող եք նաև ձեր մեկնաբանությունը թողնել։ Ձեզանից յուրաքանչյուրից է կախված մեր բոլորի անվտանգությունը և արդարությունը, ուստի խնդրում եմ այդ մի քանի րոպե ժամանակը չափսոսել։ Կանխավ շնորհակալ եմ։»,-ասվում է գրառման մեջ։

Պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։