AM
5 Սեպտեմբեր 2022 - 11:41 AMT

Հովիկ Աբրահամյանը չի ներկայացել դատախազություն․ Նրա գույքի վրա արգելանք է դրվել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 5-ին հրավիրվել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում դիրքորոշում հայտնելու։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանի և փոխկապակցված անձանց մասով ուսումնասիրությունն ավարտվել է, հրավիրվել են դատախազություն՝ նյութերին ծանոթանալու, դիրքորոշում արտահայտելու համար, սակայն դեռևս չեն ներկայացել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Դատախազությունից հայտնել են, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի վրա արգելանք է դրվել՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում՝ որպես հայցի ապահովման միջոց։

Աբրահամյանը ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն կարող է ներկայանալ ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։ «Ներկայանալ կարող եք 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել»,–ասված էր ծանուցման մեջ։