AM
5 Սեպտեմբեր 2022 - 11:43 AMT

ՄԻՊ-ին կից կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել

ՄԻՊ-ին կից կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել։ Քրիստինե Գրիգորյանը օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել։

Խորհուրդը ձևավորվել է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից՝ անդամության հրավերի հիման վրա ընտրված հայտատուներից։ Այն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը։

Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:

Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ:

Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին։