AM
6 Սեպտեմբեր 2022 - 13:56 AMT

Երևանի նախկին փոխքաղաքապետին կնոջ հետ հրավիրել են դատախազություն

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա կինը՝ Արմինե Գրիգորյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Ծանուցումը հրապարակվել է Azdarar.am-ում։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ նրանք ծանուցվել են, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Նշվում է, որ նրանք իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

«Ըստ այդմ, անհրաժեշտ է ներկայանալ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով հարկավոր է նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին»,- ասված է ծանուցման մեջ։ ‌