ՀՀ նախկին պատգամավոր, «Երկրապահ» կամավորների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արշալույս համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը և նրա հետ փոխկապակցված երկու անձ՝ Թամարա և Կարինե Գրիգորյանները, հրավիրվել են ՀՀ դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, գրում է Factor.am-ը «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքի վրա հղումով:
Հիշյալ անձինք ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում կարող են ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Ըստ Դատախազության՝ Գրիգորյանները պետք է ներկայանան սեպտեմբերի 7-ին։
Ապօրինի գույքի բռնագանձման գործով են անցնում նաև Մանվել Գրիգորյանի ընտանիքի 10 անդամները։ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ընտանիքից բռնագանձել 28 անշարժ գույք, 16 մեքենա, ինչպես նաև ավելի քան 700 միլիոն դրամ, որը ևս ապօրինի ծագման է համարում։ Հայցադիմումը դատարանն արդեն իսկ վարույթ է ընդունել։






