Երևանի համայնքային ջերմոցային տնտեսության ու տնկարանի հարևանությամբ նախատեսվում է նոր էկոպարկ հիմնել՝ խորհրդային շրջանից հետո երկրում առաջինը: 8 հա-ից 3-ն արդեն մաքրվել ու նախապատրաստվել է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Տարածքից դուրս է բերվել մոտ 40 բեռնատար մեքենա աղբ:
Երևանյան, այսպես ասած, բուսաբանկան կենտրոնը կլինի ուսումնական յուրօրինակ կենտրոն. այստեղ կաճեցվեն թանկարժեք ու բացառիկ բուսատեսակներ, որոնք հետագայում կբազմացվեն տնկարանում և կտեղափոխվեն Երևանի կանաչ տարածքներ, նաև կվերածվի զբոսաշրջային նոր անկյան:
Երևանի քաղաքապետարանը լայնածավալ միջոցառումներ է ձեռնարկում՝ վերականգնելու քաղաքի երբեմնի անտառային գոտիները՝ մոտ 10 հա մակերեսով: Բազմիցս քննարկված նախագիծը կիրականացվի կանաչապատման քաղաքային կազմակերպության ուժերով: Ծառատունկը կլինի արդեն այս աշնանը:
«Նախատեսում ենք 10 հա տարածքում հիմնել անտառ-տնկարկ, որը նորագույն պատմության մեջ կլինի առաջին դեպքը: Մոտ 6.5 հա՝ Ծիծեռնակաբերդում և 4 հա ՝ Սարալանջում: Առաջին անգամ գրեթե ամբողջ տնկանյութը՝ 97 %-ը, տրամադրելու է ջերմոցատնկարանային տնտեսությունը: Նախկինում պատրաստի բուսազանգվածը բերվել է այստեղ՝ որպես պահեստավորման վայր, հետո այստեղից բաժանվել է քաղաքին: Այդ աշխատաոճին վերջ է դրվել: 10 հա անտառ հիմնելու համար քաղաքը գրեթե ոչինչ չի ծախսի»,- ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությունը կփոխարինի նաև քաղաքի չորացած ծառերը՝ նոր, արժեքավոր ու Երևանի կլիմային հարմար նոր ծառատեսակներով:
Ծառերից բացի քաղաքային ջերմատունը կապահովի նաև քաղաքին անհրաժեշտ ծաղիկների կեսից ավելին: Հաջորդ տարի քաղաքին տեսք կհաղորդեն ավելի քան 1 մլն ծաղիկները:






