AM
10 Սեպտեմբեր 2022 - 12:45 AMT

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն անժամկետ գործադուլ են հայտարարել

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն անժամկետ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են Քրիստափորի փողոցի երթևեկությունը երկկողմանի բացել, որպեսզի մարդիկ կարողանան առանց արհեստական խոչընդոտների այցելել առևտրի կենտրոն:

Աշխատակիցներն ասել են, որ առավոտյան գալիս են ու ամբողջ օրը պարապ նստում, գրում է «Առավոտը»։

«Այսպես շարունակել հնարավոր չէ, դրա համար էլ անժամկետ գործադուլ ենք հայտարարում: «Փեթակը» չի աշխատի ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը: Չի աշխատի այնքան ժամանակ, քանի մեր խնդիրներին չեն արձագանքի, մեր խնդրանքին լուծում չեն տան: Իսկ մեր խնդրանքն ու պահանջը Քրիստափորի փողոցի երթևեկությունը երկկողմանի բացելն է»,- ասել են առևտրի կենտրոնի աշխատակիցները:

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 16 զոհ կա և մեկ մարդ համարվել է անհետ կորած, փրկարարական աշխատանքների ընթացքում Քրիստափորի փողոցը անվտանգության նկատառումներով տևական ժամանակ փակ էր: Չէր գործում նաև նույն փողոցի հակառակ մայթին գտնվող «Փեթակ» առևտրի կենտրոնը: Օգոստոսի 23-ից Քրիստափորի փողոցը բացվել է միակողմանի, «Փեթակն» էլ աշխատում է: Սակայն փողոցը միակողմանի փակ լինելու պատճառով «Փեթակի» աշխատակիցները լուրջ խնդիրների առջև են կանգնել: Առևտուր գրեթե չկա:

«Շնորհակալություն ենք հայտնում ԱԻՆ-ին, ոստիկանությանը, որ սկզբում կարողացան այս ճանապարհի մի կողմը բացել: Բայց արդեն երկար ժամանակ է, «Սուրմալուի» փլատակներում ոչ մի աշխատանք չի կատարվում ու հասկանալի չէ, թե ինչի՞ համար է փողոցի մի հատվածը փակ, ինչի հետ7անքով մարդիկ տոնավաճառ չեն գալիս: Ասես, դիտավորյալ են այդպես վարվում, որ ոչ ոք չգա: Սկզբում տեղեկություն տարածվեց, իբր, «Փեթակում» էլ պայթուցիկ նյութերի պահեստներ կան, թե7 դա այդպես չէ: Եթե լիներ, մենք առաջինը կպահանջեինք դրանք վերացնել ու ինքներս չէինք գա: Հետո Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարեց, թե պայթյունի հետ7անքով շրջակայքում մեծ շառավղով օդը կեղտոտ է, թունավոր նյութեր կան, պետական իրավասու կառույցներից ոչ մեկը չի բացատրում, թե ինչի համար է փողոցը միակողմանի փակ: Եթե վտանգավոր է երթևեկելը, փողոցը պետք է ընդհանրապես փակ լինի: Քաղաքապետարան, թաղապետարան, պետական որևէ կառույց ունե՞նք, թե ոչ: Գնանք, նայենք, որ պայթյունի տարածքում արդեն վաղուց ոչ մի աշխատանք չի կատարվում, փլատակները չեն մաքրվում, այդ շենքը չի ապամոնտաժվում: Քար լռություն է ու կատարյալ անգործություն»;-ասել է աշխատակիցներից մեկը:

Աշխատակիցները նշել են, որ շարունակում են տեղի վարձ մուծել, հարկերը վճարել, վարկերը պետք է փակել:

«Մի փոքր գումար ունեինք խնայած, դրանով տոնավաճառում տեղի վարձն ենք մուծում: Բայց այլեւս ի վիճակի չենք: Եթե այսպես շարունակվի, ստիպված ենք լինելու կետերը փակել ու գնալ: Մեր ապրուստի միակ աղբյուրը այս տոնավաճառն է, որին խեղդած են պահում: Եթե մենք հեռանանք, պարզ է չէ՞, որ տոնավաճառի տնօրինությունն էլ չի կարողանա իր մուծումները կատարել: Փոխանակ պետությունը մտահոգվի, որ այսպես բյուջե դրամական մուտքերը նվազում են, ասես, մի բան էլ ինքն է նպաստում դրան: Ո՞ւմ է սա հարմար»,-ասել են աշխատակիցները։ ‌