«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները սեպտեմբերի 12-ի առավոտյան հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Նրանք 3 օր է, ինչ գործադուլ են անում` պահանջելով երկկողմանի բացել առևտրի կենտրոն տանող փողոցը։
Օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո, որի հետևանքով 16 զոհ կա և մեկ անհետ կորած, փրկարարական աշխատանքների ընթացքում Քրիստափորի փողոցն անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է: Չէր գործում նաև նույն փողոցի հակառակ մայթին գտնվող «Փեթակ» առևտրի կենտրոնը: Օգոստոսի 23-ից Քրիստափորի փողոցը բացվել է միակողմանի, «Փեթակն» էլ աշխատում է: Սակայն փողոցը միակողմանի փակ լինելու պատճառով «Փեթակի» աշխատակիցները լուրջ խնդիրների առջև են կանգնել: Առևտուր գրեթե չկա:
Առևտրի կենտրոնի ԱՁ ղեկավարներից մեկը կառավարությունից դուրս գալուց հետո հայտնել է, որ «Փեթակի» աշխատակիցները կառավարությունում ոչ թե հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այլ գրավոր դիմում են ուղղել նրան, գրում է Sputnik Արմենիան։
«Կառավարության ընդունարանում մեր պահանջը լսեցին, և գրավոր դիմում ենք գրել վարչապետին։ Պահանջել ենք հարցին լուծում տալ, այսինքն` բացել առևտրի կենտրոն տանող Քրիստափոր փողոցը»,–ասել է տղամարդը։
Առևտրի կենտրոնի աշխատակիցները հույս ունեն, որ շատ արագ կարձագանքեն իրենց դիմումին, քանի որ բոլորը գիտեն, որ իրենք օրավարձով աշխատող մարդիկ են։
«Փեթակի» աշխատակիցները հայտնել են, որ գործադուլը շարունակելու են` սպասելով Փաշինյանի պատասխանին։
Սեպտեմբերի 10-ին «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն անժամկետ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են Քրիստափորի փողոցի երթևեկությունը երկկողմանի բացել, որպեսզի մարդիկ կարողանան առանց արհեստական խոչընդոտների այցելել առևտրի կենտրոն: Աշխատակիցներն ասել են, որ առավոտյան գալիս են ու ամբողջ օրը պարապ նստում:






