AM
12 Սեպտեմբեր 2022 - 10:14 AMT

Նոր նախագծով ենթադրյալ կոռուպցիայի մասին հնարավոր կլինի անանուն հայտնել

Ազգային ժողովում քննարկվում են «Ազդարարման համակարգի մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության մասին քաղաքացին կկարողանա նաև անանուն տեղեկացնել պետմարմիններին, ինչը թույլ կատ իրազեկողներին ավելի պաշտպանված իրենց զգալ։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ներկայացնելով հիմնական կարգավորումները, ասել է, որ նախատեսվում է հստակեցնել ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները:

«Հարցումները ցույց են տալիս, որ հաճախ ազդարարողները զերծ են մնում ազդարարումից, քանի որ վախենում են վենդետայից ու հետևանքներից»,- ասել է Թումանյանցը:

Միաժամանակ առաջարկվում է սահմանել ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին:

Ներկայացնելով վիճակագրությունը՝ Թումանյանցը նշել է, որ 2019 թ. Գլխավոր դատախազություն ստացվել է 188 ազդարարում, որոնք վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Դրանցից 153-ը եղել է անանուն: 2020 թ. ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որից 119-ը եղել է անանուն: 2021 թ. ստացված 75 ազդարարումից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 70-ը եղել է անանուն: 2022 թ. տվյալները դեռևս չեն ստացվել:

Պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասել է, որ անանունությանը վերաբերող դրույթը պետք է հանվի. դա ծնելու է կոռուպցիա, չարաշահում: Նրա գնահատմամբ՝ ոլորտում հաջողության չենք հասնի, եթե մեր հասարակության առանձնահատկությունները հաշվի չառնենք:

Վլադիմիր Վարդանյանը ևս կարծիք է հայտնել, որ պետք է հաշվի առնվեն այս ոլորտում մեր երկրի առանձնահատկությունները: «Մենք չափազանց կարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, կարևոր է նման նախագիծը, բայց մենք պետք է ունենանք նախագիծ, որը պետք է գործի, ոչ թե վերածվի նախագծի, որն ուղղված է պարզապես ազդարարների պաշտպանությանը: Այն պետք է ուղղված լինի ազդարարների պաշտպանության միջոցով երկրում կոռուպցիան արմատախիլ անելուն»,- ասել է պատգամավորը: ‌